Դիմել բժշկի

Էխինակոկոզ

Էխինոկոկոզը մարդկանց և կենդանիների ճիճվային հիվանդություն է, որն առաջանում է ժապավենաձև տափակ հելմինթից (Echinococcus granulosus): Ախտահարում է լյարդը, թոքերը և այլ օրգանները՝ առաջացնելով ախտաբանական զանազան երևույթներ։

Մակաբույծն ունի 2-6մմ երկարություն։ Գլխիկի վրա կան 4 ծծաններ և երկու շարք կարթեր, սեգմենտները քիչ են՝ 3-4 հատ։
 
 

Ներկայումս տարբերում են 2 դասի էխինոկոկ՝ Echinococcus granulosus' միաբուշտ և Echinococcus multilocularis' բազմաբուշտ։ էխինակոկոզի դեպքեր հաճախ են արձանագրվում Նոր Զելադիայում, Ավստրալիայում, Հարավային Ամերիկայում, Հյուսիսային Աֆրիկայում և այլուր։ ԱՊՀ երկրներում այն ավելի հաճախ հանդիպում է Ուկրաինայում, Հյուսիսային Կովկասում, Ղազախստանում, Անդրկովկասում, Ղրիմում, Մոլդովայում։ Հայաստանը էխինակոկոզի տարածվածությամբ միջին տեղ է գրավել այս երկրների շարքում։ (Է.Մարտիկյան, 1956թ.)։

 

Վարակի աղբյուրը


Վարակի աղբյուր են հանդիսանում այս հիվանդությամբ վարակված կենդանիները (շուն, շնագայլ, գայլ, վայրի կատու), որոնք այս հիվանդության վերջնական տերերն են։ Բնական միջավայրում ավելի հաճախ հանդիպում է բազմաբուշտ տեսակը, իսկ բնակավայրերում միաբուշտը։ Կենդանիները վարակվում են այն ժամանակ, երբ սնվում են այլ վարակված կենդանիների մսով, հատկապես ներքին օրգաններով (ամենից հաճախ լյարդով)։ Այծերը, խոզերը, կովերը ոչխարները վարակվում են այն դեպքերում, երբ արածում են այս հիվանդության օնկոսֆերաներով վարակված արոտավայրերում։ Այս հելմինթի ձվերը մարդու օրգանիզմեն թափանցում բերանից։ Ստանոքսում ձվի թաղանթը տարրալուծվում է, և ազատված օնկոսֆերաներն անցնում են աղիքներ, որտեղից ներծծվում են երակային արյան մեջ, անցնում են լյարդ ու տեղակայվում են լյարդում։

Պատահական չէ, որ լյարդի էխինակոկոզը ամենից շատ տարածված ձևն է (մինչև 85%)։ Որոշ դեպքերում օնկոսֆերաները լյարդից անցնում են դեպի արյան փոքր շրջանառություն, տեղակայվում են թոքերում առաջացնելով էխինոկոկոզի թոքային ձևը (10-15%)։ Օնկոսֆերաների աննշան քանակությունը կարող է նաև թափանցել արյան մեծ շրջանառություն և տեղակայվել զանազան օրգաններում, որտեղ 5 ամիսների ընթացքում վերածվում են թրթուրների՝ էխինոկոկային բուշտի (5-20մմ) մեծությամբ։

Հիվանդության ախտորոշումը կրում է համալիր բնույթ, այն իրագործվում է համաճարակաբանական, էպիզոոտոլոգիական հետազոտությամբ, կլինիկական երևույթների լաբորատոր, ռենտգենոլոգիական, գործիքային քննությունների միջոցով։ Լաբորատոր քննություններից լավ արդյունք է տալիս լատեքս-ագլյուտինացիայի ռեակցիան։ Բուժվում են վիրաբուժական միջամտությամբ։

 

Փոխանցման մեխանիզմը


Բնակավայրերում մարդիկ հիմնականում վարակվում են շներից, հատկապես բնակարաններում պահվող շներից։ Ինչպես նշեցինք շները վարակվում են այն ժամանակ, երբ սնվում են էխինոկոկոզով հիվանդ կենդանիների ներքին օրգաններով։ Շան ստամոքսում լուծվում է էխինոկոկի բուշտը, որից ազատվում է որդի գլխիկը (սկոլեքս)։ Այն անցնելով աղիներ կարճ ժամանակամիջոցում ձևավորվում է որպես ամբողջական մակաբույծ։ Հասունանալուց հետո այն ձվադրում է կատարում։ Ձվերը կղանքի հետ դուրս են գալիս արտաքին աշխարհ: Երբ մարդը սերտ շփման մեջ է մտնում վարակված կենդանու հետ, շոյում, անգամ համբուրում է դունչը, կեղտոտում է ձեռքերը, բերանը, ապա վարակվում է էխինոկոկոզով։ Ձվիկները արտաքին պայմաններում բավականին կայուն են։ Ստվերի տակ 10-26° պայմաններում կարող են իրենց կենսունակությունը պահպանել մեկ ամիս, չոր խոտի մեջ 2-20°-ի պայմաններում 10 ամիս, ջրում 18-20°-ի պայմաններում՝ 12 օր։ Մարդը կարող է վարակվել նաև վայրի կենդանիներից, երբ որպես սնունդ օգտագործում է նրանց միսը կամ ներքին օրգանները։

Էխինակոկոզի փուլերը

Առաջին – գաղտնի փուլ, օրգանիզմ մուտք գործելու պահից մինչև սուբյեկտիվ նշանների հայտնվելը
Երկրորդ – քիչ դրսևորվող, առավելապես սուբյեկտիվ խանգարումներ
Երրորդ – խիստ արտահայտված օբյեկտիվ ախտանշաններ
Չորրորդ – բարդացած

Ախտանշանների զարգացման արագությունը կախված է էխինակոկի տեղակայումից:
Կլինիկական դրսևորումները ոչ սպեցիֆիկ են՝ ալերգիկ ռեակցիաներ, էոզինոֆիլիա:
 

Ախտաբանություն և կլինիկական պատկեր


Էխինակոկոզն ավելի հաճախ հայտնաբերվում է միջին տարիքի մարկանց մոտ: Ոչ բարդացած դեպքերում հիվանդությունն ընթանում է տարիներով և կարող է հայտնաբերվել պատահական:

Որովայնամզի էխինակոկոզի դեպքում հնարավոր է զարգանա որովայնամզաբորբ (պերիտոնիտ):

Լյարդի Էխինակոկոզ. հանդիպում է հաճախ` էխինակոկի 50-70% դեպքերում: Օնկոսֆերաները դռներակային համակարգով աղիքային պատից 
ներթափանցելով հայտնվում են լյարդում, որտեղ դրանց մեծամասնությունը նստում է մանր մազանոթներում: Էխինակոկային բշտերը, դանդաղ պրոգրեսիվ աճելով, ներխուժում են լյարդի հյուսվածք, լեղուղիներ կամ ազատ որովայնի խոռոչ:
 
  
 
Բշտերը տեղակայվում են լյարդի աջ բլթում: Առաջին ախտանիշներից է համարվում էպիգաստրալ և աջ ենթակողային շրջանում ծանրության և ցավի  զգացումը: Բշտի թարախակալումը հանգեցնում է լյարդի աբսցեսի կլինիկական պատկերի ձևավորման: Աբսցեսի բացազատման պարագայում հնարավոր է զարգանա թարախային պլևրիտ կամ պերիտոնիտ, իսկ դեպի լեղուղիներ աբսցեսի ներթափանցման դեպքում՝ թարախային խոլանգիտ: Ոչ ինֆեկցված բուշտի պատռումը ուղեկցվում է մի շարք ալերգիկ ռեակցիաների դրսևորմամբ՝ մինչև անգամ անաֆիլակտիկ շոկի առաջացմամբ: Էխինակոկային բուշտի բուժումը վաղ փուլերում դեղորայքային է:

Հաճախ կիրառվում է PAIR մինիմալ ինվազիվ բուժական մեթոդ, որը ինտերվենցիոն ռադիոլոգիայի տեխնոլոգիաներից է և որի ժամանակ պունկցիայի կամ դրենավորման միջոցով հնարավոր է լինում հասնել էխինակոկային բուշտի արմատական բուժման:

Թոքի էխինակոկոզ. բնորոշվում է թոքերում մակաբուծային բուշտի առաջացմամբ: Թոքերը, որպես մակաբույծի թիրախ օրգան, ախտահարվում են 20-30% դեպքերում: Բուշտի մեծացման հետ մեկտեղ ի հայտ են գալիս ախտանիշներ` կրծքավանդակում ցավ, հազ՝ սկզբում չոր հետո խորխով, երբեմն արյան առկայությամբ, որոնք պայմանավորված են բուշտի` հարակից հյուսվածքներին մեխանիկորեն ճնշումով: ՄԵծ բուշտերի դեպքում հնարավոր է առաջանա կրծքավանդակի դեֆորմացիա, միջկողային տարածության արտափքում: Էխինակոկային բուշտը կարող է բարդանալ թոքային հյուսվածքի պերիֆոկալ բորբոքմամբ, չոր կամ էքսուդատիվ պլևրիտով: 
 

 
Հնարվոր է բուշտի թարախակալում, ներթափանցում բրոնխի մեջ կամ պլևրալ խոռոչ: Բրոնխի մեջ ճեղքումն ուղեկցվում է նոպայաձև հազով՝ մեծ քանակությամբ բաց գույնի խորխի և արյան արտադրությամբ, օդի պակասի զգացողությամբ, ցիանոզով: Պլևրալ խոռոչ ներթափանցելու դեպքում կրծքավանդակում առաջանում է սուր ցավ, դող, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, երբեմն՝ անաֆիլակտիկ շոկի զարգացմամբ: Բուժումը վիրահատական է, վաղ փուլերում՝ դեղորայքային: Ժամանակին և ճշգրիտ բուժման պարագայում կանխատեսումը բարվոք է:

Երիկամների էխինակոկոզ. թրթուրները երիկամ թափանցում են զարկերակային արյան հոսքով և զարգանում են մասնավորապես երիկամի կեղևային հատվածում: Ամենահաճախն ախտահարվում է ձախ երիկամը: Տարբերում են հետևյալ տեսակները.
փակ բուշտ, որի պատը վնասված չէ, կեղծ-փակ բուշտ, որը մասնակի թափանցում է երիկամի բաժակ ավազանային համակարգ, բաց բուշտ, որն ամբողջությամբ հաղորդակցվում է բաժակ ավազանային համակարգի հետ, ինչի արդյունքում հնարավոր է առաջանա էխինակոկուրիա: Կարող է առաջանալ մաշկի դեֆորմացիա, երիկամի բաժակ ավազանային համակարգի դեֆորմացիա:
 
 
 
Մակաբույծը կարող է մահանալ և ենթարկվել կնճռոտման: Արդյունքում հիվանդի մոտ առաջանում է ինտոքսիկացիա, հոգնածություն, ախորժակի անկում, քաշի կորուստ: Հաջորդիվ՝ ենթակողային շրջանում դանդաղ աճող ուռուցքանման գոյացություն, ենթակողային կամ գոտկային շրջանում բութ և անընդհատ ցավը, երիկամային խիթ, սուբֆեբրիլ ջերմաստիճան, երբեմն՝ մաշկային քոր, արյան էոզինոֆիլիա: Մեզի հետ դուստր էխինակոկային բուշտերի հեռացումն ուղեկցվում է երիկամային խիթով, հեմատուրիայով, դիզուրիայով, մեզի հոսքի դանդաղմամբ, թարախակալած բուշտի պատռման պարագայում ՝ լեյկոցիտուրիայով:

Երիկամի ստորին սեգմենտների էխինակոկային բուշտերի պարագայում հնարավոր է ենթակողային շրջանում պալպատոր շոշափել ուռուցքանման գոյացություն: Պաստերնացկու համախտանիշը կարող է դրական լինել բորբոքային պրոցեսի զուգակցման պարագայում: Մեզի փոփոխություն փակ էխինակոկոզի դեպքում հանդիպում է հազվադեպ, հնարավոր է լեյկոցիտուրիա, հեմատուրիա, երբեմն ,երիկամի վրա էխինակոկի տոքսիկ ազդեցությամբ՝ պրոտեինուրիա, ցիլինդրուրիա: Բաց էխինակոկոզի պարագայում պիուրիան հանդիպում է 60% դեպքերում, հեմատուրիան ՝ 20% դեպքերում, մեզը մուգ է, փաթիլավորված մեռուկացած հյուսվածքի կտորներով: Հիվանդների 20% դեպքում հայտնաբերվում է էոզինոֆիլիա, իսկ հիվանդների 1/3-ի մոտ՝ հարաբերական լեյկոցիտոզ, 65% մոտ՝ ԷՆԱ-ի բարձրացում: Ցիստոսկոպիայի միջոցով հայտնաբերվում են միզապարկի լորձաթաղանթի ոչ սպեցիֆիկ փոփոխությունները, երբեմն (էխինակոկուրիայի դեպքում) տեսանելի են ազատ լողացող կամ ծնվող դուստր էխինակոկային բուշտեր:

Երիկամի էխինակոկային բուշտի բուժումը վիրահատական է. կատարվում է էխինակոկէկտոմիա կամ երիկամի մասնահատում, երբեմն՝ նեֆրէկտոմիա: Որոշ դեպքերում մինիմալ ինվազիվ այլընտրանքային բուժական մեթոդով իրականացվում է էխինակոկի արմատական բուժում. կիրառվում է ԻՌ տեխնոլոգիա՝ PAIR բուժական մեթոդ:

Փայծաղի էխինակոկոզ. բնորոշվում է փայծաղի մեծացումով, ինչը տեղի է ունենում բուշտի աճելու հաշվին: Բուշտերը  կարող են լինել բազմակի և տեղակայված փայծաղի տարբեր հատվածներում: 

 
Փայծաղի ախտահարված մասը խիտ առաձգական թանձրություն ունի, մուգ բալագույն է, փայծաղի պատիճը՝ հաստացած: Փայծաղի բազմակի բուշտերի դեպքում օրգանի հյուսվածքը ենթարկվում է ատրոֆիայի և փայծաղը ունենում է պարկի տեսքով՝ լցված դուստր բուշտերով: Բուշտի պատերը կազմված են շարակցական հյուսվածքից: Հնարավոր է տեղի ունենա բուշտի պատռում՝ որովայնում էխինակոկի սերմնացրումով: Օրգանապահպանողական բուժման մեթոդներից է ԻՌ տեխնոլոգիայով կատարվող PAIR բուժական մեթոդը: Ախտորոշման հարցում կարևոր դեր  ունեն ՈւՁՀ և ՀՇ հետազոտության մեթոդները: Արմատական բուժման մեթոդը փայծաղի հեռացումն է՝ սպլենէկտոմիա:

Գլխուղեղի էխինակոկկոզ. մակաբույծի շուրջ ձևավորվում է շարակացահյուսվածքային պատիճ՝ շրջապատված գլխուղեղի բորբոքային փոփոխված հյուսվածքով: Հայտնաբերվում են արյունազեղումների և փափկեցման օջախների:

Գլխուղեղի մակաբույծային ախտահարման պատկերն արտահայտվում է արյան գերճնշման համախտանիշով և օջախային ախտանշաններով: Առաջինի դպքում առաջանում են գլխացավեր, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, էպիլեպսիայի ցնցումներ: Օջախային ախտանշանների դրսևորումները կախված են էխինակոկի տեղակայումից: Առավել հաճախ առաջանում են կեղևային էպիլեպտիկ ցնցումներ՝ պարեզի հետագա զարգացումով այն վերջույթներում, որոնցում առկա էին ցնցումներ: Առաջանում են հեգեհուզական խանգարումներ՝ դեպրեսիա, թուլամտություն, զառանցանք:

Սովորաբար արյան մեջ հայտնաբերվում է էոզինոֆիլիա: Ողնուղեղային հեղուկի մեջ հայտնաբերվում է պլեոցիտոզ՝ էոզինոֆիլների առկայությամբ, սպիտակուցների քանակի չնչին բարձրացում: Հիվանդության ընթացքը զարգանում է տեղային ախտանշանների դրսևորումներով և ներգանգային ճնշման բարձրացմամբ: Տարբերակիչ ախտորոշումը կատարվում է գլխուղեղի ուռուցքների հետ:

Բուժումը. ադեկվատ բուժումը վիրահատությունն է: Եթե վիրահատությունը հնարավոր չէ, մահը վրա է հասնում ներգանգային ճնշման բարձացման և էպիլեպտիկ կարգավիճակի ֆոնին:

Լեղուղիների էխինակոկոզ. առավելապես հանդիպում է լեղապարկի էխինակոկ: Արտաքին լեղուղիները պրոցեսի մեջ ընդգրկվում են երկրորային ախտահարման արդյունքում: Պարազիտար բուշտի պատռումը և դեպի լեղուղիներ տարածումն ուղեկցվում է լյարդային խիթով, սրտխառնոցով, փսխումով, դեղնուկի զարգացմամբ, ախոլիկ կղանքով, խոլանգիտի սրացումով՝ տենդով: Հաճախ դիտվում է լեղուղիների խցանում, որըն ուղեկցվում է սեպտիկ խոլանգիտով, հեպատիտով, լյարդի բազմակի ախտահարումներով, որոնք հիվանդության պրոգնոզը դարձնում են շատ լուրջ: Մահացությունը այս պաթոլոգիայի ժամանակ շատ բարձր է: Բուժումը վիրահատական է և ուղղված է լեղու ազատ հոսք ապահովելուն, էխինակոկի հեռացմանը և թարախային խոռոչի դրենավորման, ինչի նպատակով բացազատվում է լեղածորանը, հեռացվում են դուստր բուշտերը, մակաբույծի հյուսվացքի կտորները, այնուհետև կատարվում է դրենավորում: Հաճախ, երբ լեղապարկն ախտահարված է, իրականացվում է խոլեցիստէկտոմիա :

Ոսկրերի էխինակոկոզը շատ հազվադեպ է հանդիպում: Պարազիտար բուշտն աճում է ոսկրածուծում՝ հանգեցնելով ոսկրերի էռոզիայի և ախտաբանական կոտրվածքների:
 

Էխինակոկոզի ախտորոշումը


Ախտորոշումը հիմնված է համաճարակաբանական անամնեզի, կլինիկական պատկերի, ՈւՁՀ, ՀՇ կամ ՄՌՇ հետազոտության արդյունքների, իմունոլոգիակական և ալերգիոլոգիական փորձերի հիման վրա: Կատարվում է շճաբանական հետազոտություն, որով որոշվում են էխինակոկի հանդեպ օրգանիզմի հակամարմինները՝ IgG:
 

Բուժումը


Կիրառվում է վիրահատական բուժական մոտեցում ՝ էխինոկոկէկտոմիա, կամ՝ լապարասկոպիկ էխինակոկէկտոմիա: Բուժման ԻՌ տեխնոլոգիաներից է մինիմալ ինվազիվ PAIR բուժական մեթոդը (PAIR: puncture, Aspiration, injection, Re-Aspiration), որը կատարվում է ՈւՁՀ կամ ՀՇ հսկողության ներքո, ներառում է էխինակոկային բուշտի միջմաշկային դրենավորում կամ պունկցիա տեղային անզգայացմամբ: 

Կատարվում է դեղորայքային բուժում հակամակաբուծային ալբենդազոլ դեղորայքով: