Դիմել բժշկի

Ասցիտ

Ասցիտ – որովայնի խոռոչում ազատ հեղուկի կուտակում: Հեղուկի քանակը կարող է հասնել մինչև 25 լիտրի: Ասցիտ զարգանում է լյարդի ցիռոզի դեպքում հիվանդների 75%-ի մոտ, չարորակ նորագոյացությունների պարագայում՝ 10%-ի, սրտային անբավարարության դեպքում՝ 5%-ի մոտ: Հիվանդի կլինիկական պատկերն է որովայնի ծավալի և չափերի մեծացումը և քաշի պրոգրեսիվ աճը:
 


Ասցիտի պատճառները


Սրտի հիվանդությունների դեպքում կարող է առաջանալ արյան շրջանառության խանգարմամբ պայմանավորված ասցիտ:

Հիմանական ախտածին մեխանիզմներն են.

• արյան մեծ շրջանառությունում արյան հոսքի դանդաղումը՝ սրտի աջ փորոքային անբավարարության դեպքում
պորտալ հիպերտենզիա (դռներակային գերճնշում)
• որովայնամզի կանցերոմատոզ (քաղցկեղի բջիջների տարածում որովայնամզով)
• հիպոպրոտեինեմիկ այտուցներ, ծոմի և երիկամի հիվանդությունների պարագայում
• որովայնի խոռոչի էքսուդացիա տարբեր էթիոլոգիայի պերիտոնիտների պարագայում:
 

Ասցիտի դասակարգումը


Ասցիտը դասակարգվում է ըստ որովայնում ազատ հեղուկի քանակի, հեղուկի ինֆեկցվածության և դեղորայքային բուժման ենթարկվելու

1. Ըստ որովայնում ասցիտիկ հեղուկի քանակի՝

• հեղուկի ոչ մեծ քանակ
• հեղուկի միջին քանակ
• հեղուկի զգալի քանակ (լարված, զանգվածային ասցիտ)

2. Ըստ հեղուկի ինֆեկցվածության՝

• ստերիլ պարունակություն
• ինֆեկցված պարունակություն
• սպոնտան բակտերիալ պերիտոնիտ

3. Ըստ դեղորայքային բուժմանը ենթարկվելու՝

• ասցիտ, որը ենթարկվում է դեղորայքային բուժման
• ռեֆրակտեր ասցիտ, որը չի կարող վերացվել, կամ ասցիտի վաղ կրկնում (ախտադարձ), որը չի ենթարկվում ադեկվատ թերապիայի

 

Ասցիտի ախտանշանները


Մեծ ասցիտի պարագայում որովայնը հավասարաչափ մեծացած է, փքված, որովայնի մաշկը ձգված է և փայլում է: Պորտալ հիպերտենզիայի դեպքում ասցիտը կարող է զուգակցվել որովայնի առաջային պատի ենթամաշկային երակների լայնացմամբ՝ «Մեդուզայի գլուխ»: Հաճախ առաջանում է պորտի արտանկում՝ ներորովայնային ճնշման զգալի բարձրացման պատճառով:

Ախտորոշումը հաստատելու նպատակով կատարվում է որովայնի ուլտրաձայնային հետազոտություն:

Ասցիտի հաճախ հանդիպող բարդություններից է սպոնտան բակտերիալ պերիտոնիտը (որովայնամզաբորբ): Այն առաջանում է ասցիտիկ հեղուկի վարակման դեպքում, և 90% դեպքերում տեղի է ունենում սպոնտան: Հիվանդների մոտ առաջանում է որովայնային ցավ և մարմնի ջերմաստիճանի բարձրացում:
 

Բուժումը


Ասցիտի բուժումն ուղղված է հիմնական հիվանդության վերացմանը, հիվանդին նշանակվում է միզամուղ դեղորայք: Պահպանողական բուժման  անարդյունավետության դեպքում կատարվում է լապարացենտեզ: